13/09/2024 15:45
Խամաճիկային պետության ղեկավարը խաղում է տիկնիկի դեր՝ ներկայացնելով իր օտարերկրյա դաստիարակների շահը. Դավիթ Անանյան
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Խամաճիկային պետությունը (ռուսերեն՝ Марионеточное государство, անգլերեն՝ Puppet State), մի այնպիսի քաղաքական միավոր է, որը թեև արտաքուստ դրսևորում է ինքնիշխան անկախության նշաններ, իրականում չունի իսկական ինքնավարություն և վերահսկվում է դրսից: «Ինքնիշխանության» նման երևույթն ավելի շատ հիշեցնում է ստվերային թատրոն, որտեղ քաղաքական իշխանությունն ու առաջնորդները, ինչպես նաև պետական ինստիտուտները ստիպված են գործել արտաքին ուժերի ցուցումներով:
Քաղաքական ասպարեզում խամաճիկային պետությունը գործիք է, որը թույլ է տալիս իր տիկնիկավարներին գիտակցել իրենց ռազմավարական և տնտեսական շահերը։ Սեփական ճակատագիրը որոշելու փոխարեն, նա ստիպված է ենթարկվել այն ուժերի քաղաքականությանն ու որոշումներին, ովքեր իրականում տիրապետում են վերահսկողության ղեկին:
Խամաճիկային պետության ղեկավարները հաճախ խաղում են տիկնիկների (խամաճիկների) դեր՝ ներկայացնելով իրենց օտարերկրյա դաստիարակների շահերն ու կամքը։ Նրանց լիազորությունները գոյություն ունեն միայն այնքանով, որքանով թույլատրվում է իրենց հովանավորների կողմից: Նման պետությունները սովորաբար, պարտադրանքով ընդունում են որոշումներ, որոնք հակասում են ազգային շահերին, բայց համահունչ են արտաքին տիկնիկավարի ցանկություններին ու ռազմավարությանը։
Խամաճիկային պետությունը մի իսկական դրամատիկ պիես է քաղաքական թատերաբեմում, որտեղ անկախության պատրանքի համադրումն իրական կախվածության հետ ստեղծում է ինքնորոշվելու և սեփական ճակատագիրը տնօրինելու կարողությունից զրկված ժողովրդի ողբերգական պարադոքսը։ Իսկ վերջինիս հետ մեկտեղ տնտեսության անկումը, քաղաքական մշակույթի կորուստը և ավերված սոցիալական ինստիտուտները, ըստ էության, բացառում են երկրի վերականգնման ու զարգացման հնարավորությունները։
Խամաճիկային պետության ճակատագիրը գրեթե միշտ կանխոորշված ողբերգական է. այն խիստ հազվադեպ է վերադարձ կատարում գոյատևման սահմանագծից՝ հասնելով կայունության և բարգավաճման, քանի դեռ իրական անկախության ձեռքբերման շուրջ տեղի չի ունեցել ներքին համախմբում»: