13/09/2024 11:48
ԿԳՄՍ փոխնախարարը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և հայտնել ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ուղղություններով Լատվիայի հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության մասին: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Հայաստան-Լատվիա բարեկամական կապերի զարգացումը:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման, ինչպես նաև համատեղ կրթահետազոտական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ ի դեմս ԵՄ «Էրազմուս+» և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել երկու երկրների բժշկական համալսարանների միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությանը:
Խոսելով մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարների մասին՝ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում կիրառվում է ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate): Կողմերը քննարկել են նաև միջթանգարանային համագործակցության զարգացման հնարավորությունները։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել Հայաստանի և Լատվիայի առաջատար թանգարանների հետ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։
Կողմերը քննարկել են փոխհամագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունը նաև սպորտի բնագավառում, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման, երկու երկրներում անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության, սպորտային մենեջմենթի և սպորտային բժշկության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությամբ:
Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությանը՝ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել հայ-լատվիական երիտասարդական ֆորում կազմակերպելու հնարավորությունը, որը կնպաստի երիտասարդական աշխատողների, երիտասարդ կամավորների միջև փորձի փոխանակմանը և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:
Արթուր Մարտիրոսյանը ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքներում կարևորել է Լատվիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիկ ցուցանիշներով և մի շարք միջազգային ինդեքսներով համադրելի երկրի երիտասարդական քաղաքականության, ոլորտային օրենսդրության հետազոտությունն ու ընդգծել՝ լատվիական փորձի ուսումնասիրությունը շատ օգտակար է եղել հայկական կողմի համար:
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության լայն ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնելու ջանքեր այն լավագույնս իրացնելու համար: Նա կարևորել է հատկապես կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ թե՛ միջին մասնագիտական, և թե՛ բարձրագույն կրթության ուղղություններով:
Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: