13/09/2024 12:31
Այրվածքներ ստացած անձանց թիվն ամեն տարի աճում է, դեպքերի մոտ 35-40%-ը երեխաներ են. Հովհաննես Հովհաննիսյան
Այրվածքներ ստացած անձանց թիվն ամեն տարի աճում է. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին։
«Համեմատելով նախորդ տարվա հետ` գրեթե 30% աճ է նկատվում»,-ասաց նա և նշեց, որ ամեն մի դեպք դա պարզագույն կանոնի խախտումն է։
«Տարեկան կտրվածքով` ընդհանուր դեպքերի քանակը հասնում է մոտ 600-700-ի, ու մեծ մասը կենցաղային բնույթի այրվածքներ են լինում։ Դեպքերի մոտ 35-40 տոկոսը երեխաներն են լինում»,- ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրենը։ Ըստ նրա, պարզ կանոների պահպանումը հնարավոր կդարձնի այս ամենից խուսափել։
«Ավտոմեքենայի պայթյուն է՝ գազի հոտ հստակ կար, բայց չգիտես ինչու որոշեցին ծխախոտ վառել, գազին կաթսան տաքանում է, բայց կողքը երեխաներ են վազվզում, և շատ հեշտությամբ կաթսան կարող է շրջվել և ծանր հետևանքներ առաջացնել»,-ասաց նա։
Նա նշեց, որ օգոստոսին, 2 շաբաթվա ընթացքում մեքենայում գազի պայթյունի 6 դեպք է գրանցվել, բոլորն էլ նույն «սցենարով»՝ գազը լիցքավորեցին, դեռ մեքենայում հոտ կար, բայց որոշեցին ծխախոտ օգտագործել։
Մասնագետը նշեց` նույնիսկ օրեր են լինում, երբ այրվածքներով այնքան պացիենտ է դիմում, որ չեն հասցնում իրենց կենտրոնում բուժօգնություն ցույց տալ ու դիմում են գործընկերներին։