13/09/2024 09:36
«Ժողովուրդ». 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրա ազատման պատճառը բանակային կորպուսում ներքին տարաձայնություններն են եղել: Ընդհարում է եղել նաև 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի հետ, և անգամ տարածված լուրեր կան, որ տարաձայնությունը հասել է միմյանց վիրավորանքներ հասցնելուն ու լույս աշխարհ գալն անիծող, հայհոյող խոսքերին։ Ի դեպ, տեղեկացանք նաև, որ Բադասյանին ազատելուց առաջ որոշել են նրան գործուղել արտերկիր՝ զինվորական պատրաստության դասերի, ըստ էության՝ իրավիճակը այդպես մեղմելու նպատակով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով, Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, որը նշված է հրամանագրում, «պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝ վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»: Այլ մանրամասներ չեն հրապարակվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում