13/09/2024 13:34
Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները
2024 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի առանձնազրույցը։
Արման Դիլանյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի Բարձր դատարանների միջև ձևավորվող հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ պաշտոնական այցը կնպաստի դրանց դինամիկ զարգացմանը։
Ջասիմ Մուհամմադ Աբուդն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տարբեր ոլորտներում հայ-իրաքյան բարեկամությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նաև սահմանադրական արդարադատության ոլորտում հարաբերությունների զարգացման և կապերի ամրապնդման համար։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու բարձր մակարդակի շփումները՝ երկու երկրների Բարձր դատարանների համագործակցությունը դարձնելով առավել գործնական և արդյունավետ։