13/09/2024 22:35
Եկեղեցին չի որոշում՝ իշխանությունը մնա՞, թե՞ գնա․ ժողովուրդն է որոշում․ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարը կվերաօծվի: Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու համար Մայր Աթոռը հրավիրել է նաև իշխանության ներկայացուցիչներին։
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդմանը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշել է՝ Տաճարի վերաօծման արարողությանն իշխանություններին հրավիրելը մեր եկեղեցու լայնախոհության արտահայտումն է։
«Ես այստեղ տեսնում եմ մեր եկեղեցու լայնախոհությունը։ Թող բոլոր հայ մարդիկ, ովքեր իրենց ճակատին մյուռոն են կրում, ներկա լինեն։ Հայ ժողովրդին պառակտողները մյուռոնին էլ են դեմ։ Եկեղեցու՝ բոլորին հրավիրելու քայլը պետք է ազդակ լինի բոլորին՝ արդյոք մենք ցանկանում ենք համախմբվե՞լ, թե՞ ցանկանում ենք շարունակել պառակտվել։ Այդ հրավերը թաքուն չի եղել։ Մայր աթոռը թաքցնելու բան չունի»,- ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդը։
Ինչ վերաբերում է իշխանությունների՝ եկեղեցու դեմ ձեռնարկած արշավին ու ընդհանրապես՝ գործող իշխանության վերաբերմունքին՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, ապա Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նշել է․
«Այո՛, կան անհամաձայնություններ։ Իշխանություններին այդ միջոցառումներին հրավիրելը դեռ չի նշանակում, որ այդ անհամաձայնությունները հարթվել են։ Իհարկե, շատ կուզենք, որ հարթվեն, միմյանց միջև չարությունը, մերժողական տրամադրությունները մարեն»։
Հանրության մի լայն շերտ պահանջում է գործող իշխանությունների հրաժարականը։ Մասյացոտնի թեմի առաջնորդն անդրադարձել է եկեղեցու դիրքորոշմանն՝ այս հարցում։
«Եկեղեցին չի որոշում՝ իշխանությունը կմնա՞, թե՞ կգնա։ Դա ժողովուրդն է որոշում։ Ես չեմ կարծում, որ հայ եկեղեցուն պետք է իջեցնել այն մակարդակի, որ ներկայացվի, թե հայ եկեղեցին ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա։ Հայ եկեղեցու առաքելությունն Ավետարան քարոզելն է, բայց եթե հայ եկեղեցին մտածում է, որ մեզ վտանգ է սպառնում, պետք է ասի այդ մասին։ Մեր եկեղեցին մշտապես իր խոսքը, ճշմարտությունը պիտի ասի»,- ընդգծել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։