13/09/2024 19:52
Եվրոպական երկրներն անօրինական միգրանտներին ցանկանում են արտաքսել Աֆրիկա
ԵՄ մի շարք երկրներ, անօրինական ներգաղթյալներին իրենց տարածքից արտաքսելու նապատակով, ցանկանում են կրկնել Մեծ Բրիտանիայի փորձը․ Բրիտանիան ապրիլին համաձայնագիր է կնքել Ռուանդայի հետ՝ այնտեղ ուղարկելու ապաստան հայցող միգրանտներին։ Այդ մասին գրել է Le Monde-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ որոշ եվրոպական երկրներ արդեն պատրաստվում են գործի դնել ԵՄ տարածքից միգրանտներին արտաքսելու քաղաքականությունը և Եվրահանձնաժողովին են դիմել՝ այն պաշտոնապես ներդնելու համար։
Ռուանդայի մոդելի ներդրման հարցը դիտարկում են ԵՄ մոտ 15 երկրներ, նախաձեռնությունը խթանում են Ավստրիան, Դանիան, Իտալիան և Չեխիան։ Եվրամիության խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան այս շարքում չեն։ Իտալիան դիտարկում է միգրանտներին Ալբանիայում տեղավորելու տարբերակը։
Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր միասնական մոտեցում մշակել միգրանտների վերադարձի հարցում, որպեսզի գործընթացը լինի ավելի արդյունավետ։ Ինչպես գրում է Le Monde-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրի խոսքերը, «Լսելով այս խոստումը՝ ԵՄ 15 երկրների ներկայացուցիչները պարզապես հրճվանքի մեջ էին»։
Նշենք, որ բրիտանական կառավարությունը միգրանտներին Ռուանդա արտաքսելուն առնչվող վերը նշված համաձայնագիրը կնքելիս աֆրիկյան այս պետությանը ճանաչել էր որպես «անվտանգ երկիր»՝ այդ մասին համապատասխան օրենք ընդունելով։ Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բրիտանիայից վտարված անօրինական միգրանտները կկարողանան ապաստան խնդրել Ռուանդայում կամ այլ «անվտանգ երրորդ երկրներում»:
Ռուանդայի իշխանությունները համաձայնել են արտաքսված միգրանտներին իրենց հարկի տակ ընդունել հինգ տարի ժամկետով։