13/09/2024 15:46
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ արգելված իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում օգոստոսին
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ, այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի օգոստոսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, սննդի միջից, այցելության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերի աղբամաններում, պահարաններում, հատակի տակ և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 129 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 118 պարագա, 10 wi-fi սարք, 11 կտրող-ծակող առարկա, 156,6 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասվում է հաղորդագրությունում։