14/09/2024 12:05
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերի շուրջ բանակցությունների առաջընթացը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության կարևորությունը, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրությունում:
«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի հարաբերություններում վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը», - նշված է հաղորդագրությունում:
ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է հավատարմությունը բարգավաճ, ժողովրդավարական և անկախ Հայաստանին աջակցելու շարունակական ջանքերին:
Նա Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում քննարկել է հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ էներգետիկայի, առևտրի և ներդրումների, ինչպես նաև կրթության ոլորտներում համագործակցությունը։