14/09/2024 21:05
ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան
«ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել»,- 5-րդ ալիքի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորը, որպես կոռուպցիոն սխեմայի մի օրինակ, ներկայացրել է ԱՆԻՖ-ի հետ կատարվածը։
«Կառավարության կողմից արդեն լուծարված ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավել գումար է վատնվել, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, բացի այդ, աշխատակիցները տարեկան 30-40 միլիոն դրամ աշխատավարձ են ստացել»,- ասել է նա։
ՊՎԾ-նուսումնասիրություններ էր արել ԱՆԻՖ-ում՝ «Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում» ու հայտարարել՝ պետությունից ստացված ֆինանսական միջոցները արդյունավետ չեն օգտագործել։ Այս առնչությամբ Աննա Գրիգորյանը նշել է․
«ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստացել, շատ բարձր պարգևավճար։ Սա էլ հերիք չէ՝ իրենց հիմնական գործառույթները շատ խոշոր գումարով արտապատվիրակել են ինչ-որ միջազգային կազմակերպությունների, որ իրենց փոխարեն ֆինանսական աուդիտ անեն, խորհրդատվություն անեն և այլն:Միայն մեկ միլիարդ դրամ է ծախսվել հանրային կապերի ծառայությունների մատակարարումների, խորհրդատվության, գործողումների վրա, ու հստակ որևէ զեկույց չկա, թե ուր են գնացել, այդ մատակարարող կազմակերպություններն ովքեր են: Ի միջի այլոց, հիմնական պրոցեսները ԱՆԻՖ-ի դուստր հիմնադրամի միջոցով են արել, ես միայն խոսում եմ ԱՆԻՖ-ի հիմնական հիմնադրամի մասին՝ իմ նշած աշխատավարձերով և պարգևավճարներով»,- ասել է Գրիգորյանը։
Նա նշել է՝ գործ է հարուցվել, սակայն մեղադրյալ դեռ չկա․
«Պատկերացրեք, որ ընդդիմադիր հայացքներով որևէ մեկը 10 դրամ այս կողմ, այն կողմ տարբերությամբ հաշվետվություն ներկայացներ․․․ տեղում կկալանավորեին: 10 միլիարդ դրամի վատնում է իրականացվել, ու դրա համար 1,5 տարի անց ոչ մեկը մեղադրյալ չէ: Ավելին, տվյալ կազմակերպության ղեկավարը բարեհաջող ընտրվել է քաղաքապետ»։