14/09/2024 09:37
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 7 մեղադրյալների մասով, և աղմկահարույց գործը ուղարկվում է դատարան։ Սակայն ուշագրավն այն է, որ աղմկահարույց դեպքից անցել է գրեթե 6 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, իսկ կալանավորվածը՝ մեկ կարևոր խմբի մասնակիցը, ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ չկա ու չկա։ Եվ, մինչ իրավապահները 6 ամիս է նրանց են փնտրում, ու գործը դատարան ուղարկում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս գործով իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր. մասնավորապես, քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակում հարցաքննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից:
Այնուհետև, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել և ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։ Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաև «օրենքով գողի» փեսան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում