14/09/2024 18:53
Հայ և ռուս բանասերները, պատմաբանները կմասնակցեն միջազգային գիտաժողովի՝ նվիրված Վալերի Բրյուսովի գործունեությանը, գրական ժառանգությանը
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Գրականագիտական և մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ռուս բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, պատմաբան Վալերի Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին, հայտնում են ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Գիտաժողովի ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի բանասերները, գրականագետները, պատմաբանները կներկայացնեն Վալերի Բրյուսովի գործունեությունը, գրական ժառանգությունը, նրա ներդրումը հայ մշակույթի նվաճումների թարգմանության ու մասսայականացման, հայ և ռուս մշակույթների մերձացման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն սեպտեմբերի 17-ին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։