14/09/2024 15:57
Ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է. ԿԳՄՍ փոխնախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։
Միջազգային համաժողովին մասնակցում էին 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։
Հանդիպմանը մասնակցել են համաժողովին ներկա բոլոր պատվիրակությունների ղեկավարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները՝ ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթում կարևորել է նման համաժողովների իրականացումը՝ շեշտելով մշակույթի դերը հանրային կյանքում և միջպետական երկխոսության բնագավառում։ «Մշակույթը թույլ է տալիս զգալ սրտով, տեսնել աչքերով և ունենալ մտքի և հոգու թռիչք։ Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլ է հանդիսանում։ Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը։
Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հոբելյանական տարեթվերի ցանկում ներառել է երկու անվանի հայ արվեստագետների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի մեկդարյա հոբելյանները։ Ռուսաստանում, Լիբանանում, Պաղեստինում, Ուզբեկստանում, Չինաստանում, մարդիկ, լսելով Ազնավուրի երգերը, ընկալում են իրենց այդ մշակույթի մի մասը, այն համարում են հոգեհարազատ։ Այսպես է ձևավորվում երկխոսության և անվտանգ փոխհամակեցության մեծ հարթակը։ Նմանօրինակ հարթակների ստեղծման համար կարևոր է ոչ միայն մեծ մտածողների գործունեությունը, ինչպիսիք են Ազնավուրը, Միխալկովը, Փարաջանովը, Կուստուրիցան և այլք, այլև անհրաժեշտ է ստեղծել բազմաֆունկցիոնալ կամուրջներ՝ երկխոսության համար։ Անհրաժեշտ է իրականացնել համատեղ նախագծեր կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից մեկն է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։
Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել Սերբիայի մշակույթի նախարարի, ԲՐԻՔՍ կազմակերպության ղեկավարի, Ջիբութիի մշակույթի նախարարի, Վենեսուելայի մշակույթի նախարարի տեղակալի հետ։ Նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի Կապելլայի և Ռուսական արվեստի թանգարանի տնօրենների, ինչպես նաև Ռուսաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչների հետ։