14/09/2024 18:33
Ռուսաստանը դիտարկում է դեպի ԱՄՆ ուրանի, տիտանի և նիկելի արտահանումը դադարեցնելու հարցը
Ռուսաստանը չի բացառում, որ կսահմանափակի ուրանի, տիտանի և նիկելի արտահանումն ԱՄՆ, սակայն մինչև կտրուկ քայլերի անցնելը՝ ուշադիր կվերլուծի դրա հնարավոր հետևանքները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Պատժամիջոցների դեմ մեր հակաքայլերը կարող են շատ տարբեր լինել։ Այն, որ ուրանի, տիտանի և նիկելի արտահանման հարցը հրապարակայնորեն քննարկվում է, արդեն իսկ ազդակ է»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ երկրի նախագահն ու կառավարությունը զգացմունքային որոշումներ չեն ընդունի այս հարցում, սակայն, միևնույն է, ոչ մի կոշտ պատասխան քայլ չի կարելի բացառել։
«Ռուսաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի շրջանակում ԱՄՆ-ն և նրա սատելիտները տնտեսական ագրեսիա են իրականացնում, համապատասխանաբար, մեր պատասխաններն էլ առավելագույնս խիստ պետք է լինեն»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանն առաջարկել է դիտարկել արտաքին շուկա ուրանի, տիտանի և նիկելի մատակարարման սահմանափակումների հարցը, բայց այնպես, որ դա վնաս չհասցնի Ռուսաստանի տնտեսությանը։ Համապատասխան հանձնարականը նա տվել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինին։