14/09/2024 09:40
«Փաստ». Կարելի է առաջարկել, որ «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն
«Փաստ» թերթը գրում է.
«Համացանցի, առնվազն սոցցանցերի «հայկական» հատվածի վերջին երկու օրվա առավել շրջանառվող թեմաներից մեկը դատի ժամանակ դատավորի, ավելի ճիշտ՝ դատավորուհու ննջելու կադրերն են:
Չէ, մենք գիտենք, որ Ֆեմիդան սովորաբար պատկերվում է կշեռքով, սրով և կապած աչքերով (առասպելին տեղյակները գիտեն՝ ինչու), բայց դրանից, ախր, չի հետևում, որ դատավորը նիստի ժամանակ պիտի... քնի: Բայց մյուս կողմից՝ սա այնքան էլ առաջին նմանօրինակ դրսևորումը չէ: Էլի են կադրեր արձանագրվել, թե ինչպես է դատավորը նիստի ընթացքում «քչփորում» հեռախոսն ու համացանցի անծայրածիր անդաստանները, մեկ ուրիշ դատավոր «բռնվել» էր դատի ընթացքում «անրջելու», «ամպերի մեջ սավառնելու» մեջ. մարդը ֆիզիկապես դահլիճում էր, իսկ մտքերով՝ տիեզերքի սև խոռոչներում: Ու էլի մի քանի այլ օրինակներ:
Ի՞նչն է միավորում նման «անհասկանալի» դեպքերը: Գրթե բոլոր նկարագրված դրվագներում հիմնականում աչքի են ընկել փաշինյանական իշխանության «սրտի դատավորները»: Մյուս հատկանշական պահն այն է, որ նմանօրինակ դրվագներ արձանագրվել են բացահայտ «քաղաքական» ենթատեքստ ունեցող գործերով դատավարությունների ժամանակ:
Թեպետ... ի՞նչ կա այստեղ զարմանալի: Ոչինչ չկա: Այն էլ՝ «քաղաքական» գործերով: Լսեն՝ ի՞նչ անեն, այն էլ՝ ամբաստանյալի պաշտպանական խոսքը: Չէ, լուրջ: Իշխանության «սրտի» դատավորները որպես ի՞նչ լսեն ամբաստանյալին կամ նրա փաստաբաններին: Մեղադրողին լսել են, հերիք է, էլի: Չնայած, մեղադրողին էլ կարող էին չլսել, ինչների՞ն է պետք: Էն գլխից այդ՝ իշխանության «սրտի» դատավորներին այդ գործերով նշանակել են, նախապես որոշումը կայացրել են, տվել են ձեռքները, որպեսզի վերջում հայտարարեն փաշինյանական վճիռը: Էլ մարդիկ ավելորդ անգամ լսելիքը ծանրաբեռնեն ինչ-որ ելույթներ լսելով, որ ի՞նչ:
Առհասարակ, կարելի է առաջարկել, որ նման «գործերով» «ժիվոյ դատավորի» փոխարեն պարզապես բերեն ու հենց Ֆեմիդայի արձանը դնեն, իսկ փաստաբաններն ու ամբաստանյալները, դատավարության մյուս մասնակիցները դիմեն արձանին: Հա, ի՞նչ: Մե՞ծ է տարբերությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում