15/09/2024 18:15
Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է
Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 19:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Պ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Զվարթնոց գյուղի Թ. Թորոմոնյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 3-ամյա Ռաֆիկ Մ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։