16/09/2024 13:07
Եթե ՔՊ պատգամավորները ուզում են, կարող ենք հանդիպել, խոստովանության ժամ էլ անել, թե ինչու են զազրախոսել. Սրբազան
Բագրատ Սրբազանը Ազգային ժողով էր գնացել՝ հանդիպելու ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հետ։ Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին, արդյո՞ք կարող է հանդիպել նաև իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։
«Եկել եմ, այստեղ եմ, եթե ուզում են, կարող ենք հանդիպել նաև ՔՊ պատգամավորների հետ, հատկապես որ այսօր այդքան զազրախոսել են, խոստովանության ժամ էլ կարող ենք անել, ինչու են զազրախոսել»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ՔՊ պատգամավորները խորհուրդ էին տվել նրանց ապաշխարեն, արձագանքեց. «Եթե զազրախոսության շքերթը շարունակվում է՝ ասեմ, որ 30 տարի ես ամեն օր էլ ապաշխարում եմ»։
Ի դեպ, սրբազանը նաև անդրադարձավ հարցին, թե ինչու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չի հանդիպել։ Սրբազանը պատասխանեց, որ չհանդիպելու այլ պատճառ կա, որի մասին չի կարող խոսել։ «Լևոն Զուրաբյանի հետ եմ խոսել և նախագահի գրասենյակի նախագահի հետ, անձնական հարաբերությունները շատ նորմալ են, որևէ խնդիր չկա, ուղղակի կան հարգելի պատճառներ»,-ասաց նա։
Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ինչ են քննարկել, պատասխանեց, որ հանդիպումը փակ է եղել և մանրամասներ ասել չի կարող։ «Խնդիրն այն է, թե ուր ենք գնում, բազմաշերտ քաղաքական դաշտ գոյություն ունի՝ ներառյալ մեր նախագահները և մեր խորհուրդի որոշումն էր պայքարի ճանապարհին հստակ ներկայացնել թե ինչ քայլերով ենք առաջ գնալու»,-ասաց նա։