16/09/2024 11:54
Արցախի համար հակամարտությունը չի ավարտվել. Օհանյան (Տեսանյութ)
ԱԺ նիստն ու այս ճեպազրույցն անց ենք կացնում ՀՀ-ի համար բավականին բարդ ռազմաքաղաքական պայմաններում, երբ ՀՀ-ի նկատմամբ ճնշումներն ու պարտադրանքները «հարևանների» կողմից շարունակվում են, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանի խոսքով, սակայն, ամենացավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրանում է մեր հայրենակիցների՝ արցախահայերի, բռնագաղթեցման 1 տարին. «Երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում և ՀՀ-ի իշխանությունների կողմից ոչ մի քայլ չի կատարվել՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։ Երկու տարի է անցել այն գործողություններից, երբ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիներ ներթափանցեցին և այսօր գործուն գործողություններ չեն իրականացվում՝ նրանց ՀՀ տարածքից դուրս մղելու համար։ Մեզ համար Արցախի հարցն ամենացավալին է և այն չի վերջացել։ Արցախի համար հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով անցած տարի բռնաթափեց ամբողջ Արցախը և դրա համար Ադրբեջանը պետք է պատասխան տա։ Այսօր հակառակն է իրականացվում. Ադրբեջանը, լինելով ագրեսոր երկիր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի վրա դրվող բոլոր պատժամիջոցները»։
Պատգամավորը պնդեց՝ ՀՀ իշխանությունները պարզապես հրաժարվել են Արցախի վերաբերյալ որևէ ռազմավարություն մշակելուց։