16/09/2024 20:38
Հոլանդիայի հայկական համայնքը նշել է Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակը
Սեպտեմբերի 15-ին, Հոլանդիայի Ալմելո քաղաքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ծուխը և տեղի հայ համայնքը մեծ շուքով նշեցին եկեղեցու օծման 20-ամյակը, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու
Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունից։
«Առաջին եկեղեցին հիմնադրվել էր 1991 թվականին՝ համայնքի նվիրատվությամբ գնված մանկապարտեզի շենքում: Հետագայում, այդ շենքի վաճառքից ստացված գումարը և համայնքի հավաքած հանգանակությունը թույլ տվեցին 2002 թվականին նախաձեռնել նոր Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը։ Այն օծվեց 2003 թ․ աշնանը։
Այսպես, երեկ կիրակի օրը, որ նաև Խաչվերացի տոնն էր, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ Ալմելոյի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ս․ Պատարագ։ Պատարագիչը Ռումինիայի թեմի առաջնորդ և Բուլղարիայի թեմի առաջնորդական տեղակալ Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանն էր, որը որպես Արևմտյան Եվրոպայի նախկին հայրապետական պատվիրակի փոխանորդ երկար տարիներ եղել էր եկեղեցու հոգևոր հովիվ։
Սուրբ պատարագին, որին մասնակցում էր շուրջ 1000 հայ հավատավոր, ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, ինչպես նաև ղպտի և ասորի եկեղեցիների հոգևորականներ։ Արարողության ընթացքում ընթերցվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված եկեղեցու 20-ամյա հոբելյանին, որով Վեհափառ Հայրապետը իր օրհնությունն ու շնորհավորանքները փոխանցեց հոգևոր հովվին, ծխական խորհրդի անդամներին և բոլոր ծխականներին։
Հավատացյալներին իր քարոզը փոխանցեց Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։ Պատարագի ավարտին կատարվեց մատաղի օրհնության կարգը, իսկ Խաչվերացի տոնի առիթով օրհնվեց Սուրբ Խաչը զարդարող ռեհանը։
Տոնական միջոցառումների շրջանակում, եկեղեցական արարողությունից հետո, շուրջ 800 հոգի հավաքվեցին սիրո սեղանի շուրջ, որը ուղեկցվում էր տոնական հանդիսությամբ։ Միջոցառումը բացեց ծխական խորհրդի ատենապետ տիար Օննիկ Գելիջին՝ շնորհավորանքի խոսքով։
Հանդիսության ընթացքին, որը հմուտ կերպով վարում էին երկու երիտասարդներ, բեմում իրար հաջորդեցին՝ գնահատագրեր և հուշանվերներ ստանալու հաճելի առիթով՝ այն անձինք, ովքեր իրենց կարևոր ներդրումն ու աջակցությունն էին ցուցաբերել ծխական համայնքի հիմնադրման և հետագայում եկեղեցու կառուցման գործում, ինչպես նաև ներկայիս ծխական համայնքը գլխավորող նվիրյալ հայորդիներ։ Իսկ տիար Օննիկ Գելիջին արժանացավ պատվավոր «Ս․ Գրիգոր Լուսավորիչ» բյուրեղյա մրցանակի։
Խաժակ Արք․ Պարսամյանը իր խոսքում ընդգծեց, որ 20-ամյա հոբելյանը հրաշալի հնարավորություն է՝ հիշելու անցյալը, տոնելու ներկան և ծրագրելու ապագան։ Անդրադառնալով անցյալին՝ նա բարձր գնահատեց այն մարդկանց, ովքեր տեսիլք ունեին եկեղեցի կառուցելու և նրանց, ովքեր վերջին 20 տարիների ընթացքում անընդմեջ բաց են պահել եկեղեցու դռները՝ ապահովելով Հայ Եկեղեցու առաքելության շարունակականությունը։ Նա շնորհակալություն հայտնեց հոգևորականներին, ծխական խորհրդի, տիկնանց միության անդամներին, դպրոցի ուսուցիչներին և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Ապա Սրբազան Հայրը անդրադարձավ ապագային, ուրախությամբ նշելով, որ տոնական միջոցառմանը երիտասարդների մեծ մասնակցությունը վկայում է այն մասին, որ Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծուխը ունի բարգավաճ ապագայի ամենակարևոր երաշխիքը։ Նա քաջալերեց երիտասարդներին իրենց լիարժեք մասնակցությունը բերել ծխի կառավարմանը՝ նպաստելով դրա հետագա զարգացմանն ու զորացմանը։
Իր խոսքի ավարտին, Սրբազանը կրկին ջերմորեն շնորհավորեց եկեղեցու հոգևորականներին, նախկին և ներկա եկեղեցական խորհուրդների անդամներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տարիներ առաջ մասնակցել էին եկեղեցու կառուցման համար իրականացվող հանգանակության արշավին և կամավորական աշխատանքներին՝ բարձր գնահատելով նրանց անձնվիրությունը»,- նշված է հաղորդագրությունում։