16/09/2024 21:54
Հայաստանի ազգային պատկերասրահն իր կրթական ծրագրերն է ներկայացրել Եղեգնաձորի էքսպոյին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նպատակը կրթական գործընթացներում մշակութային կրթության դերը ընդլայնելն է` նպաստելով դպրոցականների կարողությունների զարգացմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի ձևավորմանը:
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում օրերս ԿԳՄՍ նախարարությունը բոլոր մարզերում կազմակերպել էր «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ: Ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների ու դպրոցների համար սա իրազեկման հրաշալի հարթակ էր:
Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքում էքսպո-արշավին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետ Կոլյա Միքաելյանը: Էքսպոյի բացմանը ելույթ են ունեցել փոխմարզպետ Բագրատ Սողոմոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Մայր թանգարանի տնօրենը խոսել է դպրոցականների մշակութային կրթության կարևորության մասին, կոչ արել առավել ակտիվ մասնակեց պատկերասրահի կրթական ծրագրերին և հաճախ այցելել մշակութային հաստատություններ:
Վայոց ձորում ՀԱՊ-ը երկու մասնաճյուղ ունի` Եղեգնաձորի և Ջերմուկի պատկերասրահները: Եղեգնաձորի էքսպո-արշավին մշակութային 6 կազմակերպությունների շարքում ներկայացել են նաև Ջերմուկի ու Եղեգնաձորի պատկերասրահները: Աշխատակիցները դպրոցականներին ներկայացրել են իրենց բազմաթիվ կրթական ծրագրերը` այդ թվում «Դպրոցական բաժանորդային համակարգով» իրականացվողները: Դրանք լավ հնարավորություն են ոչ միայն թանգարաններ այցելելու, այլև անվճար մասնակցելու պատկերասրահի կրթական ծրագրերին: ՀԱՊ-ը Բաժանորդային համակարգով երեք կրթական ծրագիր է իրականացնում` «Ժանրեր, թեմաներ, հեղինակներ», «Իմ Կոմիտասը», «Սասունցի Դավիթ»: Դրանք անցկացվում են ըստ ուսումնական ծրագրով նախատեսված թեմաների:
Տաղավարներին կից տեղադրված են եղել նկարչական մոլբերտներ, պատանիները մի քանի ժամ բացօթյա նկարչությամբ են զբաղվել, ստեղծագործել ազատ թեմաներով` ամեն մեկն իր նախընտրած ժանրում: Սա Հայաստանի ազգային պատկերասրահի կրթական ծրագրերի բաղկացուցիչ մասն է:
Էքսպո-արշավի տաղավարներին ծանոթանալուց հետո ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրասյանը`մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի պատկերասրահ, ծանոթացել ցուցադրությանը, զրուցել դպրոցականների հետ:
Մարզերում անցկացված իրազեկման էքսպո-արշավներին միացել են Հայաստանի ազգային պատկերասրահի բոլոր մասնաճյուղ պատկերասրահները: