16/09/2024 11:31
Ադրբեջանն անհանգստացած է, մենք էլ ենք անհանգստացած. եթե նախկին իշխանությունները ժամանակին անհանգստացած լինեին՝ 44-օրյա պատերազմում չէինք կանգնի բանկա-բութուլկեքի հետևում. Անդրանիկ Քոչարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է՝ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունն ու Զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ բոլորիս անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ։
«Դուք եղել եք մեր ամրաշինական աշխատանքների մի միջավայրում ու տեսել եք, թե ծավալներն ինչպիսին են, բայց դուք տեսել եք շատ փոքր հատվածը, դա ամբողջ Հայաստանի սահմանով մեկ իրականացված ծրագրեր են, ես դրանց անվանել եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է ու պաշտպանված անձնակազմով հակահարված տալը շատ դյուրին է լինելու, շատ բնական բան է, որ Ադրբեջանը անհանգստացած է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանի խնդիրը անվտանգությունը բարձրացնելն է նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով։
Քոչարյանն ասաց, թե Հայաստանն էլ է անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության հարցերով, որն իրականացնում է Ադրբեջանը, ընդ որում, տարբեր երկրներից։
«Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, ոչ թե կկանգնեինք բանկա-բութուլկեքի հետևում»,- նշեց նա։