17/09/2024 20:26
Թերակտիվ կամ գերակտիվ իմունային համակարգի պատճառով կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ
Oրգանիզմի իմունային համակարգը կազմված է բջջային, հյուսվածքային և օրգանային բարդ փոխկապվածությունից։ Թերակտիվ կամ գերակտիվ իմունային համակարգը կարող է առաջացնել առողջական խնդիրներ։
Իմունային համակարգի հիմնական բաղադրիչներն են՝
մաշկը,
լորձաթաղանթները,
ոսկրածուծը,
ուրցագեղձ (թիմուս)ը, որը վերին կրծքավանդակում տեղակայված փոքր գեղձ է,
արյան սպիտակ բջիջները (լեյկոցիտներ), որոնք պայքարում են վարակների դեմ,
ավիշը, որը լեյկոցիտներ տեղափոխող կաթնանման հեղուկ է,
ավշային համակարգը՝ ավիշը տեղափոխող բարակ անոթնային ցանց,
ավշային գեղձերը, որոնք աճուկներում, թևատակերում, պարանոցի շրջակայքում և այլ շրջաններում առկա փոքր հանգույցներ են,
փայծաղը։
Ավշային (լիմֆատիկ) համակարգը իմունային բջիջներին հնարավորություն է տալիս տեղաշարժվել արյան հունի և հյուսվածքների միջև։ Այս համակարգը պարունակում է լիմֆոցիտներ (արյան սպիտակ բջիջների տեսակ, ավելի հաճախ՝ T և B բջիջներ), որոնք փորձում են «ճանաչել» և հայտնաբերել օրգանիզմ ներթափանցած բակտերիաները, վիրուսները, օտարածին այլ նյութերը և պայքարել դրանց դեմ։
Ավշային գեղձերը կամ հանգույցները հայտնաբերվում են մարմնի որոշակի շրջաններում. օրինակ՝ պարանոցի հիմքում և թևատակերում։ Դրանք այտուցվում և մեծանում են, երբ տվյալ կամ հարակից շրջանում առկա է վարակ։
Մաշկը և լորձաթաղանթները բակտերիաներից, վիրուսներից և օտարածին այլ նյութերից պաշտպանության առաջին գիծն են։ Դրանք հանդես են գալիս որպես ֆիզիկական պատնեշ, սակայն պարունակում են նաև իմունային բջիջներ։
Երբ մաշկը վնասվում է, մանրէները փորձում են մուտք գործել և ներթափանցել օրգանիզմ։ Վնասվածքն ինքնին ազդանշան է ուղարկում իմունային որոշ բջիջներ, որոնք արյան հունից տեղափոխվում են դեպի վնասված շրջան և փորձում են ոչնչացնել ներխուժած օտար միկրոօրգանիզմները՝ ի դեմս մանրէների։
Որևէ վարակի ժամանակ արյան սպիտակ բջիջները նույնականացնում են միկրոբը և արտադրում հակամարմիններ, որոնք սկսում են պայքարել օրգանիզմ ներթափանցած միկրոբների դեմ։ Լեյկոցիտները նաև օգնում են, որպեսզի գործընթացի մեջ ներգրավվեն իմունային այլ պատասխաններ։
Իմունային համակարգի գերակտիվությունը կապված է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են ալերգիաները և աուտոիմուն հիվանդությունները։
Ալերգիաների ժամանակ իմունային համակարգը բուռն պատասխան է տալիս իր կողմից վնասակար ճանաչված տարբեր գործոնների՝ ալերգենների նկատմամբ. օրինակ՝ փոշի, ծաղկափոշի կամ որևէ տեսակի սննդամթերք։
Իմունային համակարգի թերակտիվությունը կամ իմունոդեֆիցիտը կարող է բարձրացնել վարակների նկատմամբ խոցելիությունը։ Իմունոդեֆիցիտային վիճակը կարող է լինել բնածին կամ առաջանալ բուժման (քիմիոթերապիա) կամ այլ հիվանդության հետևանքով (ՄԻԱՎ-ի ուշ փուլեր)։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն