17/09/2024 19:36
2 տարի է՝ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին. գերեզմանոցը թշնամու դիտարկման տակ է, կրակում են
Արդեն երկու տարի է՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին. գյուղի գերեզմանոցը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայտնվել է թշնամու դիտարկման տակ։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքը և բազմաթիվ բնակավայրեր դարձել են խոցելի, 2022 թվականի սեպտեմբերից բնակավայրերի խոցելիությունն ավելի մեծացավ, այդ թվում՝ Ներքին Հանդում։
Այս տարի արդեն Ներքին Հանդի տարածքում նոր գերեզմանոց են հիմնել, որպեսզի մարդիկ կարողանան հուղարկավորել իրենց հարազատներին։
Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ ովքեր հնարավորություն ունեն, հանգուցյալին հուղարկավորում են Կապանում, իսկ ովքեր հնարավորություն չունեն կամ այլ պատճառներ կան, հուղարկավորությունը կատարում են Ներքին Հանդի նոր գերեզմանոցում։
«Մեր բնակավայրին մոտիկ նոր տարածք ենք վերցրել, մաքրել, ցանկապատել ու դարպասներ ենք դրել, հիմա այդ տարածքում է մեր գերեզմանատունը։ Այս ամբողջ ընթացում արդեն մեկ հուղարկավորություն է եղել, մինչ այդ Կապանում էին հուղարկավորում։
Այս տարածքը բնակավայրի ավելի խորքում է։ Մեկ-երկու տեղից դիտարկվում է թշնամու կողմից, բայց դե, եթե այդպես տրամաբանենք, բնակավայրն էլ է դիտարկվում թշնամու կողմից»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել է Խաչատուր Բաղդասարյանը։
Նա նաև փոխանցել է՝ թշնամու դիտարկման տակ հայտնված գերեզմանոցում հուղարկավորված անձանց բարեկամներն ու հարազատները երկու տարի շարունակ զրկված են նրանց շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այս ընթացքում գերեզմանոց գնալու փորձ եղել է, սակայն թշնամին կրակել է, որի արդյունքում մարդիկ ճանապարհի կեսից վերադարձել են։
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը դիմեց մեծ սադրանքի Սյունիքի մարզում, ոչ միայն առաջ եկավ Ներքին Հանդի տարածքում, այլև բնակչությանը զրկեց խմելու ջրից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում