17/09/2024 16:00
Մայր Տաճարի վերաօծմանն իշխանությանը հրավիրելով՝ Հայ Առաքելական եկեղեցին ցույց է տալիս, որ կարող է վեճ ունենալ կառավարող ուժի հետ, բայց ոչ պետության. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Մեծ աղմուկ է բարձրացրել այն, որ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերաօծման առիթով ՀԱԵ ղեկավարությունը հրավիրել է նաև քաղաքական իշխանության ներկայացուցիչներին:
Աղմուկի «առանցքն» այն է, թե ինչպե՞ս եք հրավիրել մարդկանց, որոնց քաղաքականությունը դատապարտում եք, որոնց քաղաքականությունը հանգեցրել է պետության ու հանրության համար ծանր հետևանքի, որոնց ներկայացուցիչներն ու համակիրները անգամ անվայել արտահայտություններ են թույլ տվել ՀԱԵ եւ Կաթողիկոսի հասցեին:
Պահն իսկապես նուրբ է, ու շատ բարդ է այստեղ դատել խիստ սառը:
Ըստ իս, ՀԱԵ-ն կարողացել է գործել այդպես, վեր կանգնել «ընթացիկ քաղաքականությունից ու հարաբերություններից»:
Շատերը սրա տակ կնկատեն ամենատարբեր մոտիվներ, շահեր, շահագրգռություններ, ինչ որ ստվերային համաձայնություններ և այլն:
Ես մատուցեմ իմ պատկերացումը: Ըստ իս, ՀԱԵ որոշումը՝ հրավիրել քաղաքական ղեկավարությանը, իրավացի է: Հրավերը հղվել է պետության կառավարման ինստիտուտներին: Դրանով, իմ գնահատմամբ, Հայ Առաքելական եկեղեցին պահել է պետության հետ առանձնահատուկ հարաբերության նշաձողը, կանգնելով այլ նշաձողերից վեր: Եվ սա վերացական հանգամանք չէ: Սա, դարձյալ իմ սուբյեկտիվ գնահատմամբ, կոնցեպտուալ հանգամանք է, որ պարունակում է հենց հայկական պետական ճարտարապետության «կոնցեպտի» համար առանցքային բաղադրիչներից մեկը՝ դավանաքաղաքականության հանգամանքը:
Սրանով ՀԱԵ ցույց է տալիս, որ ինքը կարող է վեճ ունենալ կառավարող ուժի հետ՝ անկախ, թե ով է այդ ուժը, բայց ոչ պետության: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը ՀԱԵ համար դիտվում է այնպիսի սուբյեկտ, որի ներկայությունը Մայ Տաճարի վերաօծման արարողությանը, ՀԱԵ-ն դիտարկում է անքննարկելի պատշաճություն ու անհրաժեշտություն:
Կլինեն թերևս մարդիկ, որ կհամարեն, թե սա շատ «ռոմանտիկ» կամ «իդեալիստական» գնահատական է, այսպես ասած՝ չեղած տեղից: Երևի, չգիտեմ:
Բայց, գուցե, Հայաստանում մեծ վերափոխումների անհրաժեշտությունը պահանջում է հենց «չեղած տեղից» մոտեցումներ, որովհետև եղած տեղից կամ եղած տեղերից մոտեցումներով կարողանում ենք լավագույնս աշխատեցնել միայն ինքնաոչնչացման մեխանիզմները, ոչ ավելի:
Ինչ կքննարկի և կորոշի պետությունը, եթե այն կա դրա ղեկը տնօրինող մարդկանց գլուխներում իրապես ու խորապես, այլ ոչ միայն ճառասացության մակարդակում: Չգիտեմ:
Մյուս կողմից, պետությունը չի կարող թերևս կայացնել չմասնակցելու որոշում: Այլ հարց է, կրկնեմ, որ մեզանում այդ հասկացությունը կամ բանալ ճառասացության թեմա է, կամ ենթակա է միայն առօրյային:
Ես, իհարկե, գործնականում «ռոմանտիկ» չեմ, մտածելու համար, թե չի լինելու վերը նշածս «առօրյան»: Եվ ավելին, հասարակական-քաղաքական առօրյայում այդ միասնականության պաթետիկ ու արհեստական բանաձևերին նայում եմ քմծիծաղով:
Բայց, մեղմ ասած, տխուր է, երբ չկա, կամ չի կարող լինել այդ «առօրյայից» վեր լինելու կարողություն: Արդյունավետ, կենսունակ ու մրցունակ, հաջողակ են այն հանրույթներն ու պետությունները, որոնք ոչ թե ապրում են «վերառօրեական իդեալականությամբ», այլ ապրելով այդ վերը նշած հակասական «առօրյաներով», հարկ եղած պարագաներում կարողանում են կանգնել դրանից վեր՝ առանց ամբոխահաճ «վախերի»։
Սեպտեմբերի 29-ն այդպիսի մի քննության օր է, կրկնեմ՝ իմ խիստ սուբյեկտիվ գնահատմամբ»: