17/09/2024 18:21
Ինչու՞ են Երևան-Սևան ավտոճանապարհին երկաթե արգելապատնեշներ տեղադրում՝ ըստ «Ճանապարհային դեպարտամենտի»
«Ճանապարհային դեպարտամենտը» պարզաբանում է տարածել՝ ինչու են Երևան-Սևան ավտոճանապարհին երկաթե արգելապատնեշներ տեղադրվում։
«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ10+500 հատվածում՝ Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում (դեպի Սևան ընթացքի ուղղությամբ), կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ»,- նշված է պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ ճանապարհին ուղեփակոց տեղադրելու կապակցությամբ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Ակցիային մասնակցում էին «Զովք» և մի քանի այլ խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչները, որոնք, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը: Քաղաքացիները տարակուսած են՝ ինչու են տնտեսվաարողների գործունեության ու գյուղի բնակիչների համար խոչընդոտներ ստեղծում, փակում նաև գյուղից դուրս եկող ճանապարհը։
Երևան-Սևան ավտոճանապարհի նշված հատվածից ոստիկանները բերման էին ենթարկվել 15 քաղաքացու։