17/09/2024 13:28
Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Փաշինյանի առաջարկած ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնյաները սահմանափակվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ հիմնականում հակասական հայտարարություններով։ Դրանք խեղաթյուրում են խաղաղ գործընթացի իրողությունները։ Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում եւ բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կա կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն», - հայտարարել է նա։
Ըստ Հաջիզադեի, «նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, կարելի է միայն ասել, որ այս պահին դրույթների մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է»։
«Անհնար է պարզապես բացառել անհամապատասխան կետերը: Որպեսզի խաղաղ համաձայնագիրը կայուն և հաջողակ լինի, անհրաժեշտ է հստակեցնել մի շարք խնդրահարույց հարցերը։ Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանի օրենսդրական ակտերից չեն բացառվել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է նա։