17/09/2024 13:16
Համոզված եմ՝ վարչապետի թեկնածու դառնալը Բագրատ Սրբազանի լավագույն երազանքներից չէր. հարկադրված էր դա ընդունել. Արշակ Սրբազան (Տեսանյութ)
Այն դիրքորոշումները, մոտեցումները, որոնք ունեցել է Բագրատ Սրբազանը, արտացոլված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություններում, լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ինչ-որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որոնք ենթադրում էին քաղաքական գործիքակազմերի օգտագործում.
«Եկեղեցին, ինստիտուցիոնալ առումով, քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության գալու որևէ ձգտում, առաջնահերթություն չունի։ Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, ապա մենք այնտեղ արձանագրել ենք, որ քաղաքական գործունեությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ Սրբազանի խնդրանքին՝ առժամանակ կասեցնել իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն, այդ պահից սկսած Բագրատ Սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»։
Արշակ Սրբազանը նաև շեշտեց, որ նման պրակտիկա, իրավիճակ չի եղել, երբ հոգևորականը, տարբեր կուսակցությունների միահամուռ ցանկությամբ, առաջադրվի վարչապետի թեկնածու.«Ինքս խոսել եմ Բագրատ Սրբազանի հետ և համոզված եմ, որ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազանքներից չէր։ Սակայն, ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ինքը հարկադրված էր ընդունել այդ առաջարկը, քանի որ համախմբումն իր անձի շուրջ էր»։