17/09/2024 21:30
Ամերիկյան զորքերի ներկայության կարիքն այլևս չունենք․ Իրաքի վարչապետ
Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության կարիքն այլևս չի զգացվում, քանի որ զգալի հաջողություններ են գրանցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, Bloomberg TV-ի եթերում ասել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին։
«Կոալիցիայի կարիք չկա. մենք պատերազմներից անցել ենք կայունության շրջան։ «Իսլամական պետությունն» այլևս սպառնալիք չի ներկայացնում»,- ասել է նա։
Մոհամմեդ Շիա Սուդանին նշել է նաև, որ անվտանգության ոլորտում Բաղդադի և Վաշինգտոնի համագործակցությունը կշարունակվի՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո էլ։ Իրաքի վարչապետը հավելել է՝ շուտով կհայտարարի՝ երբ պետք է ամերիկացի զինվորականները հեռանան երկրից։ Այդ հարցը, նրա խոսքով, ինքը քննարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ ապրիլին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Ձեռք է բերվել փոխհամաձայնություն՝ զորքերի դուրսբերման հարցում»,- ասել է Մոհամմեդ Շիա Սուդանին։
Bloomberg-ի հրապարակման համաձայն, սակայն, ԱՄՆ օրենսդիրների շրջանում մտահոգություններ կան՝ այս հարցի հետ կապված, քանի որ, ըստ նրանց, «Իսլամական պետությունը» ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո «կարող է վերախմբավորվել, իսկ հարևան Իրանն էլ կարող է մեծացնել իր ազդեցությունն Իրաքում»։
Bloomberg-ի տվյալներով՝ Իրաքում այժմ տեղակայված է մոտ 2,5 հազար ամերիկացի զինծառայող։