17/09/2024 20:47
Վրաստանում կանխատեսել են՝ պատերազմն Ուկրաինայում կավարտվի 2025 թվականին
Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն 2025 թվականին, ինչից հետո Վրաստանի հարաբերություններն օտարերկրյա գործընկերների հետ կսկսեն բարելավվել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Վրաստանի գործարար ասոցիացիայի համաժողովում։
«Մեր կանխաատեսմամբ՝ ավելի հավանական է, որ Ուկրաինայում պատերազմը ավարտվի հաջորդ տարի։ Համապատասխանաբար, հաջորդ տարվանից Վրաստանի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հարաբերությունները որակապես կբարելավվեն, ինչը չափազանց կարևոր է, քանի որ տնտեսությունը պետք է զարգանա, դրա համար չպետք է լինեն խոչընդոտներ»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ Վրաստան-Եվրոպա, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները վատացել են՝ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո։ ԱՄՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ կվերանայի հարաբերությունները Վրաստանի հետ, դադարեցրել էր Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, ԵՄ-ից էլ գործընթացը «եվրաինտեգրմանը դեմ» էին համարել։ Սեպտեմբերի 16-ին էլ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցների իր ցուցակում ներառել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիին, նրա երկու տեղակալներին և, ամերիկյան կողմի բնորոշմամբ, «ծայրահեղական խմբավորման երկու ղեկավարի», որոնք, իբրև, «մարդու իրավունքների լուրջ խախտումներ» են արել։ Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռնարկատերերի, իրավապահների և օրենսդիրների։