17/09/2024 09:42
«Հրապարակ». ԱԺ աշխատակազմից շատերը պատուհաններից են ոգևորված հետևել Սրբազանի ելումուտին
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանին երեկ ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել բոլորը՝ մուտքից սկսած։ ԱԺ որոշ աշխատակիցներ՝ տասնյակ տեսախցիկների առկայության պայմաններում, հեռվից ողջունել են սրբազանին։ Իսկ աշխատակազմից շատերը պատուհաններից են ոգևորված հետևել սրբազանի ելումուտին։ Հուսով ենք՝ ԱԺ ղեկավարությունն այս հրապարակումից հետո վհուկների որս չի սկսի և տեսախցիկները հետուառաջ չի տա՝ «դավաճաններին» գտնելու համար։
Ի դեպ, սրբազանի այցի ընթացքում ՔՊ խմբակցությունում ամայություն էր՝ պատգամավորները չկային, միայն Հակոբ Արշակյանն էր մտամոլոր քայլում միջանցքում։ Երբ լրագրողները նրան փոխանցեցին, որ սրբազանն առաջարկել է ամբիոններից իր հասցեին հոխորտալու փոխարեն գալ հիմա, իր առջև կանգնել և ասելիքը փոխանցել, խառնվեց իրար։ «Ես զբաղված մարդ եմ, տենց ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն, գրանցվեն։ Կգրանցվեն՝ կհանդիպենք, եթե խոսելու բան կա։ Բոլոր քաղաքացիներն էլ, եթե ինչ-որ լուրջ հարց են բարձրացնում, հանդիպում եմ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը»։