18/09/2024 19:26
Հիպերկալցեմիա․ Առաջացման պատճառներն ու բուժումը
Հիպերկալցեմիան առողջական խնդիր է, որը բնորոշվում է արյան մեջ կալցիումի մակարդակի նորմայից ավելի բարձր ցուցանիշներով:
Հիպերկալցեմիայի ժամանակ արյան հեղուկ մասի՝ պլազմայի մեջ կալցիումի մակարդակը միջինից ավելի բարձր է: Արյան մեջ կալցիումի ավելցուկը կարող է թուլացնել ոսկրերը, առաջացնել երիկամային քարեր, ինչպես նաև խաթարել սրտի և գլխուղեղի նորմալ գործունեությունը:
Հիպերկալցեմիան սովորաբար զարգանում է որպես հարվահանաձև գեղձերի գերակտիվացած գործունեության արդյունք: Դրանք փոքր չափսի չորս հատ գեղձեր են, որոնք տեղակայված են պարանոցին, վահանաձև գեղձի անմիջական հարևանությամբ: Հիպերկալցեմիայի այլ պատճառներից են քաղցկեղը, որոշ հիվանդությունները, որոշ դեղերի, ինչպես նաև կալցումի և վիտամին D-ի հավելումների չափից դուրս մեծ քանակի ընդունումը:
Հիպերկալցեմիայի նշանները կարող են լինել աննշանից մինչև սուր, իսկ բուժումը կախված է առաջացման պատճառից:
Ոսկրերի և ատամների ամրությունն ապահովելուց բացի, կալցիումը մասնակցում է մկանների կծկմանը և նյարդահաղորդականությանը: Նորմայում, երբ արյան մեջ կալցիումի մակարդը նվազում է, հարվահանաձև գեղձերը սկսում են արտադրել պարաթիրոիդ կամ պարատ հորմոն (PTH), որը խթանում է՝
ոսկրերից դեպի արյուն կալցումի մուտքը,
մարսողական խողովակից կալցիումի ներծծումը,
երիկամներով կալցիումի արտազատման կրճատումը, ինչպես նաև ավելի մեծ քանակով վիտամին D-ի ակտիվացումը (վերջինս կալցիումի ներծծման մեջ ունի կենսական նշանակություն):
Արյան մեջ կալցիումի մակարդակի խիստ նվազեցման (կոչվում է հիպոկալցեմիա) և հիպերկալցեմիայի միջև հավասարակշռությունը կարող է խախտվել տարբեր գործոնների ազդեցությամբ:
Հիպերկալցեմիա կարող է զարգանալ հետևյալ պատճառներով՝
հարվահանաձև գեղձերի գերակտիվություն (կոչվում է հիպերպարաթիրոիդիզմ) նույն գեղձերից մեկնումեկի կամ բոլորի փոքր, ոչ քաղցկեղային ուռուցքի պատճառով,
քաղցկեղային հիվանդություններ, օրինակ՝ թոքի կամ կրծքագեղձի քաղցկեղ, դեպի ոսկրեր տարածվող մետաստազներ, արյան չարորակ հիվանդություններ, որոնք բարձրացնում են հիպերկալցեմիայի ռիսկը,
այլ հիվանդություններ, օրինակ՝ տուբերկուլոզ և սարկոիդոզ, որոնք կարող են բարձրացնել արյան մեջ վիտամին D-ի մակարդակը՝ խթանելով աղիներից կալցիումի ներծծումը,
ժառանգական գործոններ,
երկարատև անշարժ վիճակ, օրինակ՝ անշարժության բերող հիվանդություններ, ծանր տրավմաներ,
սուր ջրազրկում, որը հաճախ բերում է թեթև կամ անցողիկ հիպերկալցեմիայի,
որոշ դեղերի ընդունում, օրինակ՝ բիպոլյար խանգարման բուժման մեջ նշանակվող լիթիում, որը բարձրացնում է պարաթիրոիդ հորմոնի ներզատումը դեպի արյան հուն,
կալցիումով կամ վիտամին D-ով հարուստ հավելումներ:
Թեթև հիպերկալցեմիան կարող է ընթանալ առանց որևէ գանգատի, սակայն կալցիումի մակարդակի ավելի լուրջ բարձրացումը հաճախ ուղեկցվում է տարաբնույթ ախտանիշներով՝ կախված, թե որ օրգանն է առավել ախտահարված:
Հիպերկալցեմիայի բարդություններից են՝
օստեոպորոզ, ոսկրերի փխրունություն, ողնաշարի շեղումներ, հասակի կորուստ,
երիկամի քարեր,
երիկամային անբավարարություն,
նյարդային համակարգի խնդիրներ (շշմածություն, դեմենցիա, ծանր դեպքերում՝ կոմա),
սուր առիթմիաներ։
Հիպերկալցեմիայի ախտորոշման ուղղակի մեթոդն արյան կրկնակի հետազոտություններով արյան մեջ կալցիումի բարձրացած մակարդակի հայտնաբերումն է:
Մեղմ հիպերկալցեմիան առանձնահատուկ բուժում չի պահանջում: Նման դեպքերում բժիշկը կարող է վերահսկել հիվանդի վիճակը, ինչպես նաև գնահատել օրգան-համակարգերի գործունեությունը: Ավելի ծանր դեպքերում, կախված հիպերկալցեմիայի բուն պատճառից, բժիշկը կարող է նշանակել դեղեր կամ առաջարկել վիրահատություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ