18/09/2024 13:38
«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի գերիների վերադարձի հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրվա՞ծ է, թե՞ չէ. Վարչապետ
Խաղաղության պայմանագիրն է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների և պատանդ պահվող անձանց հարցը՝ անկախ նրանից այդտեղ դա բառացի գրվա՞ծ է, թե՞ ոչ. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության պայմանագիր նշանակում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ: Մենք այսօր ասում ենք, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, ասում ենք ինչը համաձայնեցված է, եկեք ստորագրենք և անցնենք այն մնացածին, ինչը որ համաձայնեցված չէ։ Եվ հնչում է տեսակետ, որ ո՛չ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի կամ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, այդ պայմանագիրը պետք է չստորագրվի: Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում»,-ասաց նա և օրինակ բերեց, որ կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որն ընդամենն ամիսներ առաջ է Ադրբեջանի կողմից առաջարկվել։
«Կողմերից մեկը կարող է ասել մի հատ էլ հոդված կա, սա էլ պետք է համաձայնեցնենք, կարող ենք դա էլ համաձայնեցնել, կարող է պարզվի՝ մի հատ էլ հոդված կա, որը պետք է համաձայնեցնել: Ոչ մի տեղ չկա գրված, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված և չի կարող ունենալ 17 կամ 15 հոդված: Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»,-ասաց նա։