18/09/2024 14:05
Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան. Հրայր Թովմասյանն ավարտեց ճառը
Կա՞ դեպք, երբ ամբաստանյալը 27 ժամ պաշտպանական ճառ է ունեցել: Համաշխարհային պատմության մեջ չի եղել նման բան, Հրայր Թովմասյանի գործով դատական նիստին հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե համաշխարհային պատմության մեջ չի եղել նաև, որ ՍԴ նախագահի, իրավաբանական գիտությունների դոկտորի դատեն:
Թովմասյանը նշեց, որ սույն մեղադրական եզրակացության մեջ ապահովված չեն ապացուցման կանոնները:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատում էր Թոմվասյանին, ինչից հետո Թովմասյանը հայտարարեց, որ ավարտում է ճառը:
«Ես ավարտեցի իմ ճառը։ Արձանագրում եմ, որ Դուք թույլ չեք տվել լիարժեք իրականացնել իմ ճառը։ Ես ասելիք չունեմ։ Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է: Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան: Ինձ հայտնի չէ Ձեր վարքագծի դրդապատճառները, հայտնի կդառնա այս դատական ակտից հետո»,- ասաց նա: