18/09/2024 12:03
Արդյո՞ք ՀՀ-ն պաշտոնապես պետք է որդեգրի ԵՄ-ին անդամագրվելու քաղաքական ուղեգիծ. Փաշինյան
Արդյո՞ք ՀՀ-ն պաշտոնապես պետք է որդեգրի ԵՄ-ին անդամագրվելու քաղաքական ուղեգիծ. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ինքն էլ պատասխանեց՝ պետք է հասկանալ, որ դա միակողմանի, երբեմն նաև երկկողմանի գործընթաց չէ։
«Պետք է ուշադիր լինենք, որ այդ խնդիրների ճանապարհին նոր հիասթափություններ չառաջացնենք մեր ժողովրդի շրջանում։ Պետք է ֆիզիկապես պատկերացնել ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին։ Կարևոր է՝ Վրաստան-ԵՄ հարաբերություններում ինչ տեղի կունենա, կարևոր է՝ Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ինչպես կզարգանան և այս համատեքստում կարևոր է՝ ՀՀ-Թուրքիա հարբերություններն ինչպես կզարգանան»,-ասաց նա։
ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ-ն ժողովրդավարության որդեգրումը ռազմավարություն է համարում, որն էլ մերձեցնելու է արևմտյան գործընկերների հետ։
Փաշինյանը կարևորեց, որ հետագա անելիքները լինեն թափանցիկ. «Ընդ որում թափանցիկ պետք է լինեն նաև մեր ԵՄ գործընկերների մտադրությունները։ Եթե մենք տեսնենք ԵՄ լիիրավ անդամ դառնալու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն՝ կառավարելի պահելով այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են այդ ճանապարհին գոյանալ, մենք այդ պահը բաց չենք թողնի հաստատ»,-ասաց նա։