18/09/2024 20:24
Դեսպան Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման, հանդիպել ռուս սահմանապահների հետ (Լուսանկարներ)
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
Դիվանագիտական առաքելության ղեկավարին դիմավորել է ռուսական սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Շչերբակովը։ Նա ներկայացրել է զորամասի պատմությունը, որը հաջորդ տարի նշելու է 70-ամյակը։
Սահմանապահ ջոկատի հրամանատարը ներկայացրել է նաև ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ջոկատի օպերատիվ և ծառայողական գործունեության որոշ արդյունքներ՝ սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առգրավում, Ագարակի անցակետում պետական սահմանախախտների բազմաթիվ ձերբակալություններ և այլն։
Ռուսաստանի դեսպանն ու նրան ուղեկցող պատվիրակությունը ծաղիկներ են խոնարհել «Բոլոր սերունդների սահմանապահները» հուշարձանին։