18/09/2024 13:22
Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության, ցուցանակների փոփոխության և այլ հարցեր։ Քննարկվել է նաև Հերհերի Սբ Գևորգ եկեղեցու տանիքածածկերի ժամանակավոր նորոգման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գիտանախագծային աշխատանքները կիրականացնի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, վերականգնումը՝ Վայոց ձորի թեմը։
Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով վերականգնվում են Սբ Աստվածածին եկեղեցին և ներսի հազվագյուտ որմնանկարները։ Հանդիպմանը ներկա է եղել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը։ Պատերի և թաղերի վերականգնման վերաբերյալ տրվել են ցուցումներ, կայացվել ընթացիկ որոշումներ։ Եկեղեցու վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ Որմնանկարների վերականգնումից հետո դրանք կփակվեն՝ վերականգնման ընթացքում վնասումներից խուսափելու համար։