18/09/2024 12:17
ՄՊՀ-ն երկու տնտեսվարողի կողմից «LEE» ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և Մակի Մուրատյանի կողմից «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ:
Հանձնաժողովն արձանագրել է, որ «LEE Chocolate» կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից, արտադրվում են Սիրիայի Հանրապետության Հալեպ քաղաքում գործող «Լիի» մայր գործարանի կողմից 1900-ական թվականներից «LEE Choc Chocolate, Since 1947» մակնշմամբ:
Հարուցված վարույթների շրջանակներում պարզ է դարձել, որ վերը նշված տնտեսավարողները ՀՀ-ում իրացրել են «LEE» ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետներ՝ չունենալով թույլտվություն «Լիի» մայր գործարանի կողմից և սպառողների մոտ առաջացնելով շփոթություն:
Միաժամանակ, տեղական շուկայում առկա են նաև հայկական արտադրության «LEEDeluxe» մակնշմամբ կոնֆետներ, որոնք սկսել են արտադրվել և իրացվել 2013-2014 թթ.-ից «Լիի Շոկոլադ», հետագայում «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ների կողմից:
«Նշենք, որ ԱՁ Մ. Մուրատյանը դադարեցրել է «LEE» ապրանքային նշանով շոկոլադի ներմուծումն ու իրացումը, միաժամանակ ԱՁ Մ. Մկրտչյանին տրվել է հանձնարարական դադարեցնելու «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների ցանկացած եղանակով օգտագործումը, այդ թվում՝ այդ ապրանքներն այլ տնտեսավարողների միջոցով իրացնելու դեպքում հանձնարարվել է դրանք գրավոր հետ կանչել»: