19/09/2024 10:34
Մեր բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենիքը. Արցախի իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուրում» են
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ նրանք հարգանքի տուրք մատուցեցին Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների հիշատակին։
«Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Շահրամանյանը։
Նա հիշեցրեց, որ տասը ամիս շրջափակումից, այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմել էր ռազմական ագրեսիայի, որի հետևանքով Արցախը ունեցել էր զոհեր, տուժածներ։
«Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները։ Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը»,-ասաց նա։