19/09/2024 10:45
Մեծ ցավով եմ լսում ՀՀ իշխանության կողմից արտահայտությունները, որոնք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ-ի հաղթանակն են համարում. Շահրամանյան (Տեսանյութ)
Մեծ ցավով եմ լսում նման արտահայտություններ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, որոնք համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և Հայաստանի ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց: Այդ հարցը պետք է ուղղել այն մարդկանց, որոնք ձևավորել են Հայաստանում իշխանությունը»,-ասաց Շահրամանյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների տարբեր հայտարարություններին Արցախի Հանրապետության, արցախցիների վերաբերյալ։