19/09/2024 12:45
Ովքեր ի վիճակի էին պայքարի, բայց այն արժանի ձևով չտարան, դեռևս անելիք ունեն Արցախի նկատմամբ. Կամո Աթայան
Հայ ժողովրդի դառը պատմությանը մի տարի առաջ ավելացավ ևս մի ողբերգական էջ՝ հայաթափվեց հազարամյա հայաշեն, հայաշունչ Արցախը՝ հայի աստվածատուր հայրենիքը։
Այս օրերին ու մի տարի շարունակ լսում ենք չոր ու ցամաք թվեր, ֆինանսական կորուստների մասին հաշվարկներ են ներկայացնում, և, իհարկե, տարաբնույթ, սիրտ ցավեցնող տեղեկատվություն առ այն, թե ինչպես է ազերին պետական մակարդակով պղծում մեր հազարամյա ինքնությունը հաստատող հուշարձանները, սրբատեղիները, գերեզմանոցները, մայրաքաղաքի ու այլ բնակավայրերի ամբողջական թաղամասերը։
Այդ ամենի մասին խոսում ենք այնպիսի սառնությամբ, չեզոքությամբ, կարծես դա մերը չի եղել, կարծես դա մեր պապերի կառուցածը չի, կարծես այդպես էլ պետք է լիներ, այսպիսի ողբերգական ավարտ պետք է ունենար 1988-ին սկսած ազգային ազատագրական պայքարը․․․
Չի կարելի երբևէ մոռանալ, որ տեղի ունեցածը հայ-թուրքական բազմադարյա թշնամանքի նորագույն դրսևորում էր 21-րդ դարում, այսպես կոչված՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ, երբ թուրքը հային բնաջնջելու իր ռազմավարական ծրագիրը տարատեսակ մարտավարական ձևակերպումներով է շարունակում իրականացնել, իսկ մենք, փոխանակ վերջապես ընկալենք, որ հայի միակ դաշնակիցը հայկական միասնությունն է, կրկին անիմաստ քայլերով (միգուցե ուրիշների կողմից թելադրված) ավելի ենք ջլատում, թուլացնում, անկյուն քշում դիմադրող հային, որին, ի դեպ, որևէ մեկը կօգնի միայն ու միայն պայքարի ընթացքում, և ոչ մի դեպքում մեր փոխարեն մեր կռիվը ուրիշը իր վրա չի վերցնելու:
Արցախի հայաթափումը, հայերի էթնիկ տեղահանումը, մեր ահավոր պարտությունը, օրվա իշխանությունները փորձում են գեղեցիկ փաթեթավորմամբ հիմք դարձնել հետագա խաղաղության համար, որին, իհարկե, բոլորս ձգտում ենք, բայց այս իրավիճակում չենք հավատում:
Պատմությունը չի դատապարտելու ազգային ազատագրական պայքարի բազմահազար հայ զոհերին՝ նրանք արժանի են սրբադասման, նաև ծերերին, երեխաներին, հիվանդներին․․․
Մնացյալը, բոլորը, ովքեր կարող էին, ի վիճակի էին պայքարի, բայց ինչ-ինչ պատճառներով կյանքի ու մահվան այդ պայքարը արժանի ձևով չտարան, դեռևս անելիք ունեն հայրենիքի նկատմամբ, Արցախի նկատմամբ:
Դա մեր գոյապայքարն է, հակառակ դեպքում այս տարածաշրջանում՝ հայի բնօրրանում, հայը տեղ ու պետականություն չի ունենալու:
Ուրեմն՝ ի գործ, համախմբվենք, հզորանանք և միայն այդժամ կունենանք հաջողություն և բարձր խոսելու ու հիշելու բարոյական իրավունք: