19/09/2024 20:42
Երբ հասկանանք մեր համազգային մեղքն ու դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, Արցախը կվերադառնա՝ Աստծո կամոք․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց իմ և ընկերներիս մկրտության օրը դուրս եկանք և տեսանք բակում հավաքված մարդկանց ցնծությունը. պատերազմն ավարտվել էր մեր ժողովրդի հաղթանակով: Երկար սպասված մեծ զինադադարն ու հարաբերական խաղաղությունը հաստատված էր:
Շուշին հայկական էր մնացել՝ անկախ այն բանից, որ 1920թ. ից հետո թուրքերն էին այնտեղ ապրում: Միևնույն է, Շուշիում իշխում էր հայկական էներգիան, հայկական համն ու հոտը, հայկական շունչը:
Որքան ժամանակ էլ Շուշիում, կամ Արցախի ցանկացած այլ բնակավայրում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց: Աստված է այդպես կամեցել: Այդ գողտրիկ հողակտորը բարձրյալ Աստծո նվերն է հայ ժողովրդին: Երբ հասկանանք մեր համազգային մեղքն ու դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, վստահ եմ, որ Աստված կրկին վերադարձնելու է այն իր ժողովրդին՝ ում որ տվել էր ի սկզբանե:
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է, Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու: Խնդիրը ժամանակի, առ Աստված ունեցած մեր հավատքի ու մեր միասնականության մեջ է»: