19/09/2024 15:37
Ես հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել այստեղ՝ Հայաստանում․ Պետեր Լունդբերգ
Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարեւորում եմ նաեւ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները:
Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանի եւ Մարինա Ղազարյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպելով Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրեն Պետեր Լունդբերգի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամներին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է Պետեր Լունդբերգին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ներկայացրել հանձնաժողովի գործունեության ոլորտներն ու իրականացվող աշխատանքները:
Նա եւ հանձնաժողովի անդամներն արժեւորել են կառույցի հետ համագործակցության ամրապնդումը, ընդգծել փորձի փոխանակման կարեւորությունը:
«Ընդհանուր առմամբ, խորհրդարանական մեր վերահսկողությունն իրականացնում ենք, եւ հենց այստեղ է, որ Ձեր ղեկավարած կազմակերպության աջակցությունն ենք զգում»,- հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելով՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի նորանշանակ տնօրենը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ կառույցը թեեւ փոքր է, սակայն համագործակցում է 70 երկրի հետ: «Ես հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ լրացել է Հայաստանում գրասենյակի գործունեության մեկ տարին:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝ Պետեր Լունդբերգը, մասնավորապես, ասել է. «Կցանկանայի նաեւ Հայաստանին շնորհավորել այն առաջընթացի կապակցությամբ, որ ունեցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ օրում մարդու իրավունքների պաշտպանության կատարյալ վիճակի հնարավոր չէ հասնել, բայց կարեւոր է, որ ձեր երկիրն այդ ուղղությամբ է շարժվում»: Նա նաեւ հավելել է, որ նշված ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան:
Պետեր Լունդբերգը ներկայացրել է 40-ամյա կառույցի գործունեության ուղղությունները, կարեւորել ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը: «Հուսով եմ, որ ՄԱԿ-ի միջոցով կշարունակենք ձեզ հետ աշխատել: Հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում»,- ասել է կառույցի ղեկավարը:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են համագործակցության ամրապնդումն ու խորացումը: