19/09/2024 15:20
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հաստատել նախարարների նախնական ցուցակը, որոնց վարչապետ Միշել Բառնիեն առաջարկել է ընդգրկել նոր կառավարության կազմում։ Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։
Ըստ հրապարակման՝ համապատասխան ցուցակը վարչապետը Մակրոնին ներկայացրել է սեպտեմբերի 17-ին։ Սակայն Ելիսեյան պալատում համարել են, որ թեկնածուների ցուցակը «միագույն» է, և հատկապես ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ նախարարական պաշտոնների մեկ երրորդի համար առաջարկվող թեկնածուները հենց իր՝ Բառնիեի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ էին։ Ընդ որում, ըստ հրապարակման, Բառնիեն իր կուսակիցներին էր առաջարկում նշանակել ներքին գործերի նախարարի, արդարադատության և էկոնոմիկայի նախարարների կարևոր պաշտոններում։
«Միասին հանուն հանրապետության» նախագահական կոալիցիայի ներկայացուցիչները, որոնց Մակրոնն ընդունել է սեպտեմբերի 18-ին, նույնպես մտահոգություններ են հայտնել «հանրապետական կառավարության» շուրջ։ Ելիսեյան պալատի աղբյուրները պնդում են, որ Մակրոնը չի փորձում ամբողջությամբ վերահսկել ապագա կառավարությունը, այլ ձգտում է խուսափել մեկ կուսակցության նախարարների գերակշռությունից և հույս ունի հավաքել «ազգային միասնության» կաբինետ, որը թույլ կտա հավասարակշռություն հաստատել քաղաքական ուժերի միջև։
Բացի այդ, ըստ պարբերականի, նոր վարչապետի և նախագահի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է դարձել երկրի տնտեսության ծանր վիճակի պատճառով հարկերի հնարավոր բարձրացման՝ կառավարության ղեկավարի մտադրությունը։