19/09/2024 19:06
Վրաստանում հայտարարել են․ «Թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինային»
Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա «մեծ երկրներին» օգտագործել իրենց այնպես, ինչպես Ուկրաինային օգտագործեցին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Մենք պաշտպանում ենք մեր երկրի ինքնիշխանությունը, խաղաղությունը, անդորրը և ոչ մեկին հնարավորություն չենք տալիս և չենք տա Ուկրաինայի պես օգտագործել և դժվարին իրավիճակում դնել մեծ պատմություն ունեցող մեր փոքր երկիրը՝ հանուն մեծ երկրների շահերի»,- ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները թուլ չեն տա, որ Վրաաստանում «ուկրաինացում» տեղի ունենա։
«Վրաստանում կպաահպանվի խաղաղությունը՝ որքան էլ մեզ սպառնան, ինչ պատժամիջոցներ էլ մեր դեմ կիրառեն։ Մենք միշտ հետամուտ կլինենք մեր երկրի ու ժողովրդի շահերին»,- ասել է Կալաձեն։
Նշենք, որ Վրաստան-Եվրոպա, Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները վատացել են՝ «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո։ ԱՄՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ կվերանայի հարաբերությունները Վրաստանի հետ, դադարեցրել էր Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, ԵՄ-ից էլ գործընթացը «եվրաինտեգրմանը դեմ» էին համարել։ Սեպտեմբերի 16-ին էլ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցների իր ցուցակում ներառել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլիին, նրա երկու տեղակալներին և, ամերիկյան կողմի բնորոշմամբ, «ծայրահեղական խմբավորման երկու ղեկավարի», որոնք, իբրև, «մարդու իրավունքների լուրջ խախտումներ» են արել։ Բացի այդ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռնարկատերերի, իրավապահների և օրենսդիրների։