19/09/2024 19:25
«Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի»․ Հանրային ռոդիոյի տնօրեն Քոլոյան
Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, երեկվանից Հանրային ռադիոյի նյուզռումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է կպցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։
Այսուհետ Հանրային ռադիոյի աշխատակիցները ոչ միայն Երևանի, Մոսկվայի, Թեհրանի, Թբիլիսիի ու Լոնդոնի, այլև Բաքվի և Անկարայի ժամացույցների ներքո կաշխատեն։ Եվ սա, բնականաբար, հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների վրդովմունքը, հատկապես, որ այնտեղ աշխատում է նաև Բաքվի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածի մայր։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել երեկ՝ Արցախը հանձնելու տարելիցի նախօրեին։
Հիրավի, սա «հրաշալի նվեր է» իշխանությունների «սրտի տնօրենի» կողմից Հանրային ռադիոյի աշխատակիցներին։
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ դա իր նախաձեռնությունն է եղել։
«Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»,- ասել է նա։
Քոլոյանը պնդել է նաև՝ իշխանություններն իրեն չեն ստիպել դա անել, «իր գաղափարն է»։
Նա նշել է նաև, թե չգիտի՝ Երևանն «Իրևան» համարող Բաքվի պետական ռադիոյում ինչ ժամացույցներ կան և կա՞ արդյոք դրանց մեջ, օրինակ, Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույց։ Իսկ Արցախի օկուպացման տարելիցին Հայաստանի Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը Քոլոյանը «զուգադիպություն» է որակել։
Նորանշանակ տնօրենը նշել է նաև՝ թշնամական երկրների ժամանակը ցույց տվող ժամաացույցները չի հեռացնելու․
«Ոչ, չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն»,- ասել է նա։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում