19/09/2024 10:10
«Ժողովուրդ». Ուժային կառույցների համազգեստների «անվան տակ» լուրջ հանցագործությունների են դիմում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները իրականացնում են ԱԱԾ-ի կամ ոստիկանության կեղծ համազգեստներով:
Խոսենք փաստերով։
Այս տարվա ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, և Փարաքար համայնքում մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան:
Հանցագործները ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով են եղել և դիմակավորված. դուրս գալով ավտոմեքենայից՝ նրանք ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ ու ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից: Այնուհետև, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով՝ վերոնշյալ երեք անձանց ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 293 մլն ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները՝ փախել:
2024 թ. սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ դեռևս ինքնությունները չպարզված չորս մասնակից BMW մակնիշի կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են ամերիկահայ բիզնեսմենի կնոջը։ Ժամը 12:00-ի սահմաններում նրանցից երկուսը, ՀՀ «ԱԱԾ» գրառմամբ հագուստներով և դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ մոտեցել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը, և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն:
2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազը», որին սպանողների մեքենայի տարածքում հայտնաբերվել էր ոստիկանության զրահաբաճկոն:
Այս իրավիճակը թերևս վտանգավոր է այն տեսանկյունից, որ հանցագործները ուժային կառույցների համազգեստների «անվան տակ» լուրջ հանցագործությունների են դիմում, ու քաղաքացիները վստահ լինելով, թե իրավապահներ են, ենթարկվում են նրանց պահանջներին:
Իրավիճակը պետք է մտահոգի իրավապահ մարմիններին. մեղսագործները նրանց համազգեստի միջոցով լուրջ հանցագործություններ են նախապատրաստում, իրականացնում, իսկ ուժայինները չեն կարողանում նախապես կանխել դրանք»։