19/09/2024 09:58
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը, որն այս օրերին ակտիվ շփումների մեջ է քաղաքական-հասարակական տարբեր խմբերի հետ և նախապատրաստվում է սեպտեմբերի 22-ի հավաքին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, անգամ նեղ շրջապատում՝ Սրբազան շարժման համակարգող խորհրդում, չի բացում փակագծերը իր առաջիկա անելիքների մասով։ Կարեն Բեքարյանի ղեկավարած խորհրդի կազմում ընդգրկված են խորհրդարանական երկու ուժերից և մի քանի արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Արցախի քաղաքական դաշտից երկու ներկայացուցիչ:
Խորհուրդը պարբերաբար հավաքներ է կազմակերպում, սակայն սրբազանը հիմնականում լսողի դերում է: Նա չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը՝ շարժման մարտավարության և անելիքների մասին։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Համալիրում մոտ տասը հազարանոց մեծ դահլիճը մեկ օրով վարձակալելու համար 10 մլն դրամ են վճարել»։