19/09/2024 10:03
«Հրապարակ». ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել: Նրա կտրուկ հարստանալու, հղփանալու մասին Փաշինյանին տարբեր մարդիկ բողոքել են, և նրա հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը և հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։ Օրինակ, որ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, և Բաբայանը մեծ դեր է ունեցել մի շարք ընկերությունների պայմանագրերը դադարեցնելու, ընկերոջ ՍՊԸ-ին պատվերներ վստահելու հարցում։
Բացի այդ, տարբեր մեքենայությունների պոչերն էլ են դեպի Բաբայան տարել: Եվ քանի որ Սյունիքի ՔՊ-ում էլ գզվռտոց է, ու կառույց, որպես այդպիսին, չկա, ՔՊ առաջնորդը զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ-ականների վրա, և արդեն իսկ որոշ քայլեր են արվել Բաբայանի դեմ:
ԶՊՄԿ-ի կոմերցիոն դեպարտամենտի մատակարարման բաժնի պետ Սերգո Գալստյանին, որը Բաբայանի մտերիմներից է, օրերս ուղարկել են արձակուրդ, որից նա, ըստ որոշ լուրերի, չի վերադառնալու: Ավելին՝ հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ, ու նրա միջոցով էլ դուրս գան Նարեկ Բաբայանի վրա»։