20/09/2024 16:39
Ռուսաստանին դուր չի եկել, որ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարներն այցելել են Բաքու
Ռուսաստանը կշարունակի ԱՊՀ գործընկերներին բացատրել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով, մասնավորապես, Պենտագոնի հետախուզության եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորի և բրիտանական արտաքին հետախուզության՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցերին՝ Բաքու, որոնք տեղի են ունեցել վերջերս։
«Կասկած չկա՝ ագրեսիվ ռազմական բլոկի ներկայացուցիչների նման այցերը չեն նպաստում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, և մենք շատ լավ հասկանում ենք, որ Արևմուտքի ջանքերն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի հարևան երկրներում ապակայունացման առաջացմանը, ոչ թե նրանց հետ համագործակցության հաստատմանը»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ այս հարցը կքննարկեն Բաքվի հետ։
«Ադրբեջանցի մեր գործընկերների և ԱՊՀ այլ երկրների մեր գործընկերների հետ շփումներում կշարունակենք բացատրել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը, դա հղի է ինքնիշխանության մի մասի կորստով և ներքաղաքական ցնցումներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։