20/09/2024 09:51
«Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» և նախաքննական գաղտնիքներ հայտնում` ոտնահարելով անմեղության կանխավարկածը, որոշ գործերով դառնում է պարտիզան: Փորձեցինք պարզել, թե ինչ է արվել 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով։
Պարզվեց` 1 տարի անց մեղադրյալներ չկան, դեպքի հանգամանքները պարզ չեն, ավելին` ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել։ «Կոմիտեի նախագահը տարեսկզբին հարցազրույցում խոսել է այդ մասին։ Դրանից հետո մենք ոչ մի ինֆորմացիա չենք տվել ու չենք տալիս։ Նախաքննության շահերից ելնելով, քրեական վարույթի վերաբերյալ հետագա այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,-ասաց ՔԿ խոսնակը։
Գործի վերաբերյալ տեղեկություն չունեն նաև զոհերի ու անհետ կորածների հարազատները, որոնք մոտ 2 ամիս առաջ բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով զբաղվել անհետ կորածների որոնողական աշխատանքներով։ 20 հոգի անհետ կորած կա, որոնց մասին ոչինչ հայտնի չէ»։